
XIX International Zhautykov Olympiad at Improvis
ժաուտիկովյան 19-րդ միջազգային օլիմպիադան Իմպրովիզում

Մեծ ուրախությամբ պիտի փաստենք, որ 2022-2023 ուստարվա ընթացքում Իմպրովիզի լսարաններում անցկացվել են երկու միջազգային և երկու ներհայաստանյան օլիմպիադաներ։ 2023թ․ փետրվարի 2-ին և 3-ին տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 19-րդ օլիմպիադայում Իմպրովիզ օլիմպիական կենտրոնի մարզիչ Դավիթ Ենգոյանը՝ արժանացել է բրոնզե մեդալի, իսկ մրցութային պայքարի երկրորդ օրը միավորների հաշվով առաջատարն է եղել Հայաստանյան մասնակիցների ցանկում։
Գրանցած արդյունքների շնորհիվ Դավիթը իրավունք է ստացել առանց ընդունելության քննությունների ընդունվել ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ՝ անվճար հիմունքներով (Տես՝ ՀՀ կառավարության որոշումը)։
Իմպրովիզ օլիմպիական կենտրոնը շարունակում է Շիրակի մարզում տաղանդավոր աշակերտների հայտնաբերման և հատուկ կրթական ծրագրի միջոցով նրանց զարգացման նոր մակարդակի հասցնելու գործընթացը։ Երկու տարիների ընթացքում կենտրոնի օլիմպիականները արդեն իսկ հասցրել են նվաճել 3 մեդալ միջազգային օլիմպիադաներում, ինչպես նաև հայաստանյան ծրագրավորման օլիմպիադայի հանրապետական փուլերում չորս անգամ արժանացել են դիպլոմների և գովասանագրերի։
Հորդորում ենք մարզի դպրոցականներին պատրաստվել 2023 թվականի օլիմպիական կենտրոնի ընդունելության քննություններին։ Եվս մեկ անգամ նշենք, որ դասընթացները անվճար են, բարձր առաջադիմություն ցուցաբերող աշակերտներին տրամադրվում է կրթաթոշակ, իսկ միջազգային օլիմպիադաներում եզակի առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին առաջարկվում է մարզիչի աշխատանքային պայմանագիր։