News

The Achievements of the Improvis Olympic Center

Իմպրովիզ Օլիմպիական Կենտրոնի Ձեռքբերումները

AR Flag UK Flag
AR Flag UK Flag
News Image

Պահպանելով նախորդ երկու տարիների զարգացման դինամիկան` 2022-2023 ուստարվա ընթացքում ևս Իմպրովիզ օլիմպիական կենտրոնի աշակերտները և մարզիչները գրանցեցին հերթական ձեռքբերումները ծրագրավորման ներհայաստանյան և միջազգային օլիմպիադաներում։ Ստորև տեղադրված գրաֆիկը արտացոլում է 2020 թվականին հիմնադրված Իմպրովիզ օլիմպիական կենտրոնի գործունեության շոշափելի ազդեցությունը Շիրակի մարզի աշակերտների գրանցած արդյունքների վիճակագրության վրա (տես՝ Դիագրամ 1)։

Դիագրամ 1՝ Շիրակի մարզի աշակերտների ինֆորմատիկայի օլիմպիադաների հանրապետական փուլերի մասնակցության վիճակագրությունը  

Ակնհայտորեն երևում է վերջին երեք տարիների ընթացքում Շիրակի մարզի աշակերտների թե՛ ներգրավվածության, թե՛ ձեռքբերումների կտրուկ աճը ինֆորմատիկայի օլիմպիադայի տարբեր փուլերում (տես՝ Դիագրամ 2)։

Դիագրամ 2՝ Ինֆորմատիկայի օլիմպիադա, Շիրակի մարզ

Հատկանշական է այն փաստը, որ օլիմպիական կենտրոնի աշակերտները կոտրում են հանրապետական փուլում Շիրակի մարզի աշակերտների մասնակցության բացակայության կարծրատիպը (2017-2020 թթ) և արդեն 3 տարի շարունակ ոչ միայն ձեռք են բերում  հանրապետական փուլի մասնակցության ուղեգրեր, այլ նաև արժանանում են դիպլոմների և գովասանագրերի։ Այս տարի ևս մայրաքաղաքից բացի միայն Շիրակի մարզի (Իմպրովիզ օլիմպիական կենտրոնի) աշակերտներին է հաջողվել ինֆորմատիկայի օլիմպիադայի հանրապետական փուլում նվաճել կարգեր և գովասանագրեր։ Իմպրովիզ օլիմպիական կենտրոնի աշակերտներ Դավիթ Ենգոյանը /Գյումրու Ֆոտոն Վարժարան/ և Հակոբ Այվազյանը /Գյումրու թիվ 1 դպրոց/ արժանացել են 3-րդ կարգի դիպլոմի, իսկ Վահե Գրիգորյանը /Գյումրու Ակադեմիական Վարժարան/ ՝ գովասանագրի (տես՝ Դիագրամ 3)։ Ուրախացնող է այն փաստը, որ հաջողվել է փոփոխել նաև դպրոցների աշխարհագրությունը և եթե նախորդ 2 տարիներին Շիրակի մարզից մրցանակի էին արժանանում միայն Ֆոտոն վարժարանի սաները, ապա այս տարի Ֆոտոն վարժարանի հետ միասին ներկայացված են նաև Գյումրու թիվ 1 դպրոցը և Ակադեմիական վարժարանը։ 


                    

Դիագրամ 3՝ Հանրապետական փուլի մասնակիցներ ու մրցանակակիրներ ըստ մարզերի (10-12-րդ դասարան)

2022-2023 ուստարվա ընթացքում Իմպրովիզ օլիմպիական կենտրոնի դասընթացներին մասնակցել են թվով 80 աշակերտներ Շիրակի մարզի ավելի քան երկու տասնյակ դպրոցներից։

2022-2023 ուստարվա ընթացքում Իմպրովիզի լսարաններում անցկացվել են երկու միջազգային և երկու ներհայաստանյան օլիմպիադաներ։

Ներհայաստանյան օլիմպիադաներ՝

  • 2022 թվականի դեկտեմբերի 5-ին անցկացվել է ինֆորմատիկայի օլիմպիադայի դպրոցական փուլը։
  • 2023 թվականի հունվարի 25-ին անցկացվել է ինֆորմատիկայի օլիմպիադայի մարզային փուլը։


Միջազգային օլիմպիադաներ՝

  • 2023 թվականի փետրվարի 2-ին և 3-ին անցկացվել է 19-րդ Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադան ինֆորմատիկա առարկայից։
  • 2022 թվականի դեկտեմբերի 5-ին անցկացվել է Համառուսաստանյան թիմային ծրագրավորման դպրոցական օլիմպիադան (ВКОШП)։
     

Կարևորելով մարզերի՝ մայրաքաղաքի հետ համաչափ զարգացման հրամայականը և հաշվի առնելով այն փաստը, որ 2022-2023 թթ․ 10-12-րդ դասարանների մարզերի աշակերտների կողմից բնագիտական մյուս առարկաների (Մաթեմատիկա, Ֆիզիկա) առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերում որևէ կարգ/դիպլոմ չի նվաճվել (տես՝ olymp.am), Իմպրովիզ օլիմպիական կենտրոնի հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել․

2023 թվականին`

  • Ընդլայնել դասավանդվող առարկաների ցանկը՝ ներառելով Ֆիզիկա և Մաթեմատիկա առարկաների օլիմպիական դասընթացներ։
  • Դասընթացներին մասնակցող աշակերտների քանակը Շիրակի մարզում հասցնել երկու հարյուրի՝ ներգրավելով նաև 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտներին։
  • Հիմնել ևս մեկ օլիմպիական կենտրոն Գավառ քաղաքում։

 

Հիշեցնենք, որ դասընթացները անցկացվում են անվճար հիմունքներով, իսկ խոստումնալից աշակերտներին տրամադրվում  է ամսական կրթաթոշակ։ Դասընթացները անցկացնում են տարբեր տարիների միջազգային օլիմպիադաների մեդալակիրները, ինչպես նաև Իմպրովիզ ընկերության աշխատակիցները։ 

Ամփոփում

Վերոնշյալ հաղթանակները և արձանագրված հաջողությունները իրականություն չէին դառնա առանց աշակերտների և մարզիչների նվիրված աշխատանքի, ինչպես նաև օլիմպիական դասընթացների և օլիմպիական շարժման մեջ իրենց ներդրումը ունեցող մի շարք անհատների։ Ուստի մեր երախտիքն ենք հայտնում՝ 

  • Արմեն Անդրեասյանին հանրապետական փուլը հաղթահարած գյումրեցի աշակերտներին օլիմպիական դասընթացների մեջ ընդգրկելու, ինչպես նաև նախորդ տարիների վիճակագրական տվյալները տրամադրելու համար,
  • Լևոն Մուրադյանին հանրապետական փուլի մասնակից գյումրեցի աշակերտների հետ հավելյալ դասընթացներ անցկացնելու համար,
  • Մանյակ Մութաֆյանին օլիմպիական կենտրոնի հոգաբարձուների խորհրդին անդամակցելու, ինչպես նաև մաթեմատիկայի օլիմպիական դասընթացները կազմապերպելու համար,
  • Լևոն Սեխպոսյանին և Արտակ Կոստանյանին  օլիմպիական կենտրոնի հոգաբարձուների խորհրդին անդամակցելու և կենտրոնի կրթական աշխատանքները համակարգելու համար: